Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները՝ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը, Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպս. Պարսամյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպս. Հովակիմյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Մեր խոր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին ձերբակալությունների կապակցությամբ: Ձերբակալվածների մեջ են Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի մի քանի քահանաներ և թեմական վարչության աշխատակիցներ: Ձերբակալված հոգևորականները ճանաչված են իրենց նվիրումով, խոնարհությամբ, ժողովրդին և Ավետարանին ծառայությամբ: Նման վերաբերմունքը վտանգում է մեր ազգի բարոյական և հոգևոր հիմքերը, խաթարում է եկեղեցու սրբազան դերը ազգային կյանքում: Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ ընթացք, հարգանք՝ հայ եկեղեցու պատմական անկախության և սրբազան առաքելության հանդեպ: Այս դժվար պահին մենք միասնաբար կանգնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեր հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին՝ թե Հայաստանում, թե Սփյուռքում: Մեր համայնքներին հրավիրում ենք միասնական աղոթքի՝ իմաստության, խաղաղության, մեր հայրենիքում վստահության և միաբանության վերականգնման համար»,- նշված է հայտարարության մեջ:

 
2025-10-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ