
Հայոց Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականին, ապրիլի 23-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի կոնդակով սրբադասվեցին Հայոց Ցեղասպանության զոհերը: Ապրիլի 24-ին կատարվող բարեխոսական կարգի, Սուրբ Պատարագի ընթացքում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելիս, հավատացյալները խնդրում են Հայոց Ցեղասպանության նահատակների բարեխոսությունը Հայաստանի, հայության, այդ թվում՝ 21-րդ դարում հայրենազրկված արցախահայերի համար: 2020-2023թթ․ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, շրջափակումը, բռնի տեղահանությունը ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպան ծրագրերի շարունակությունն են՝ 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և մշակութային եղեռնը միջազգային իրավունքում սահմանված է որպես ցեղասպանություն։